22/10/2011 10:06
Կաթողիկոսն ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը երեկ ընդունել է Հայաստան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին և ԵԱՀԿ գործող քարտուղարի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Նորին Սրբությունն իր գնահատանքն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին` իրենց ներդրած ջանքերի համար` ի խնդիր Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման և տարածաշրջանում խաղաղության հաստատման:
Այնուհետև Վեհափառ Հայրապետը ներկայացրել է Հայոց Եկեղեցու ներգրավվածությունը և ներդրումը տարածաշրջանում խաղաղության և համերաշխության մթնոլորտի ձևավորման գործընթացում: Նորին Սրբությունը տեղեկացրել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի միջնորդությամբ պարբերաբար տեղի ունեցող` տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ և քառակողմ հանդիպումների մասին, որոնց արդյունքում Ռուս Եկեղեցու պատրիարքը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Վրաց Եկեղեցու հովվապետը և Ադրբեջանի հոգևոր առաջնորդը խաղաղության և համերաշխության համատեղ կոչեր են հղում տարածաշրջանի ժողովուրդներին: Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայտնել նաև, որ նոյեմբերի վերջին Հայաստանում կայանալիք ԱՊՀ երկրների միջկրոնական խորհրդի նախագահության ժողովի առիթով ևս տեղի կունենա նման հանդիպում:
«Մենք լավատես ենք, որովհետև խաղաղությունը, հաշտությունը և համերաշխությունն այլընտրանք չունեն», - նշել է Ամենայն Հայոց Հայրապետը` մաղթելով, որ խաղաղությունն ամենուր ուղեկից լինի մարդկային կյանքին:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և հյուրերը մտքեր են փոխանակել Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ: