22/10/2011 14:37
Շուկա և աղբանոց` Որդան կարմիր արգելավայրի տարածքում
Ահազանգ խմբագրություն. Արմավիրի մարզում` Արազափ, Եղեգնուտ և Ջրառատ համայնքներին հարող տարածքում, որտեղ գտնվում է Որդան Կարմիրի արգելավայրը, գյուղատնտեսական շուկա կա և տարբեր մարզերում գյուղմթերք արտադրողներն այստեղ են իրացնում իրենց բերքը և կեղտոտելով տարածքը` վնաս հասցնում Հայաստանում անհետացման եզրին գտնվող և պետության կողմից պահպանող միջատին` Որդան կարմիրին:
Aysor-ի հետ զրույցում ՀՀ բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման հատուկ պահպանվող տարածքների բաժնի պետ Արամ Աղասյանը նշեց, որ նշված տարածքը արգելավայրի տարածքի չէ, սակայն խոստացավ ահազանգող նյութերին ծանոթանալուց հետո` հարցին անդրադառնալ:
Նշենք, որ 2008թ.-ի նոյեմբերի 28-ի 371-Ն որոշման համաձայն տրվել է «Որդան կարմիր» պետական արգելավայրի սահմանների նկարագիրը, հատակագիծը, տարածքի չափը հաստատելու վերաբերյալ որոշումը: «Որդան Կարմիր» արգելավայրի սահմանները հաստատվել է, տարածքի չափը` 219.85 հեկտար:
Հիշեցնենք. որ «Որդան կարմիր» պետական արգելավայրը ստեղծվել է ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի 1987թ. փետրվարի 2-ի N 61 որոշումով Արմավիրի մարզի աղուտ հողերի վրա:
Արգելավայրի պահպանության հիմնական օբյեկտը արարատյան որդան կարմիր (Porphirophora hammelii Brandt.: Homoptera Coccoideae) միջատն է, որը Արարատյան հարթավայրի տիպիկ ներկայացուցիչ է, էնդեմիկ տեսակ. գնահատվում է որպես անհետացման եզրին գտնվող տեսակ:
Այս միջատը Հայաստանում ունի սահմանափակ նեղ տարածվածություն: Վերջին տարիներին անթրոպոգեն ճնշման հետևանքով /աղուտների ինտենսիվ շահագործում և անասունների չկարգավորված արածեցում և այլն/ միջատի արեալը խիստ նվազել է և շարունակում է նվազել` դնելով այս արժեքավոր տեսակի գոյությունը վտանգի տակ: Որդան կարմրով զբաղեցված ամենամեծ տարածքները գտնվում են Արմավիրի մարզի Արազափ և Ջրառատ գյուղական համայնքների վարչական սահմաններում:
Այս միջատը սնվում է միայն երկու տեսակի բույսերով՝ որդանախոտի Aeluropus littoralis (Gouan) Parl. և հարավային եղեգնի Phragites australis (Tr.et St.) հյութով:
Այստեղ վտանգված է որդնախոտի և եղեգի բնական վերաճը, որոնք հանդիպում են նոսր խմբավորումներով և չեն կարողանում ապահովել որդան կարմիրի նորմալ, բնական զարգացումը և վերարտադրությունը: Որդան Կարմիրը 3 հազարամյակ Հայկական լեռնաշխարհի տարածքում օգտագործվել է կարմիր ներկանյութ ստանալու համար:
Տեսաֆիլմը` Վահե Մարտիրոսյանի` «Որդան կարմիր»