22/10/2011 10:05
Հիլարի Քլինթոն. «Մենք խոսել ենք «Թալիբանների» հետ
ԱՄՆ -ն իսկապես բանակցություններ է վարում «Հաքքանի» խմբավորման ներկայացուցիչների հետ, որին Վաշինգտոնում մեղադրել են Աֆղանստանում մի շարք ահաբեկչություններ կազմակերպելու մեջ: Այս մասին խոստովանել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Քլինթոնը նման հայտարարությունն արել է Իսլամաբադ կատարած իր այցի ժամանակ, որտեղ քննարկվում է ԱՄՆ-ի և Պակիստանի համագործակցությունը գրոհայինների դեմ, այս մասին հաղորդում է «Ռոյթերս» (Reuters) գործակալությունը:
«Մենք խոսեցինք «Թալիբանի», մենք խոսեցինք «Հաքքանի» խմբավորման հետ, որպեսզի պարզենք և հասկանանք նրանց պատրաստվածության և անկեղծության աստիճանը: Իսկ այժմ մենք աշխատում ենք Աֆղանստանի, Պակիստանի հետ, որպեսզի սկսվի մի գործընթաց, որը կբերի մեզ իրական բանակցությունների», - ասել է Քլինթոնը:
Այժմ ԱՄՆ-ն այլևս չի բանակցում «Հաքքանիի» հետ. վերջին հանդիպումը եղել է ամռանը՝ նախքան Քաբուլում ԱՄՆ դեսպանատան վրա ահաբեկչական հարձակումը: ԱՄՆ-ը վստահ է, որ ահաբեկչությունը կազմակերպել է «Հաքքանին»: