25/10/2011 18:43
Հայաստան-Չեխիա հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են
Նոյեմբերի 11-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 17:00-ին տեղի կունենա Հայաստան-Չեխիա երիտասարդական հավաքականների ընտրական հանդիպումը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ այդ հանդիպման տոմսերը կվաճառվեն հոկտեմբերի 26-ից, «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղներում և Խանջյան 27, Մաշտոցի 20 ու Րաֆֆու 31 հասցեներում գտնվող «Հյումմել» խանութներում: Տոմսերի արժեքն է` արևմտյան տրիբունա` 4000 դրամ, արևելյան տրիբունա` 3000 դրամ, հարավային և հյուսիսային տրիբունաներ` 2000 դրամ:
Հիշեցնենք, որ ընտրական երրորդ խմբի մրցաշարային աղյուսակը 7 միավորով գլխավորում է Հայաստանի հավաքականը, որը ֆավորիտ համարվող չեխերի հետ ոչ-ոքի արդյունքով է ավարտել արտագնա հանդիպումը: Չեխիայի ընտրանին նույնպես երեք խաղում 7 միավոր է վաստակել: Չեռնոգորիայի ու Ուելսի մինչև 21 տարեկանների թիմերն իրենց ակտիվում ունեն 6-ական միավոր, սակայն նրանք 1 հանդիպում ավելի են անցկացրել: Անդորրայի թիմն անցկացրած 4 խաղում միայն պարտություններ է կրել և եզրափակում է մրցաշարային աղյուսակը: