25/10/2011 10:04
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (դեսպաններ Բեռնար Ֆասիեն Ֆրանսիայից, Ռոբերտ Բրադտկեն Միացյալ Նահանգներից և Իգոր Պոպովը Ռուսաստանի Դաշնությունից) և դեսպան Անջեյ Կասպրչիկը (ԵԱՀԿ գործող նախագահողի անձնական ներկայացուցիչ) հոկտեմբերի 21-24-ը շրջագայեցին Երևան, Լեռնային Ղարաբաղ և Բաքու: Համանախագահները հանդիպումներ ունեցան նախագահներ Սարգսյանի և Ալիևի ու Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների հետ:
Համանախագահները խաղաղ կարգավորմանն հասնելու ուղղությամբ հետագա առաջընթացի համար կողմերին ընդգծեցին բանակցային մթնոլորտի էական բարելավման, վստահության բարձրացման և հրադադարի ռեժիմի ամրապնդման անհրաժեշտությունը: Համանախագահները տարբեր ոլորտներում վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ մի շարք առաջարկներ են ներկայացրել: Կողմերը սկզբունքորեն համաձայնություն տվեցին շփման գծի երկայնքով միջադեպերի հետաքննության մեխանիզմի նախագծին, որը համանախագահներն առաջարկել էին ապրիլին և որի մասին նախագահներ Ալիևը, Սարգսյանն ու Մեդվեդևը պայմանավորվածություն էին ձեռք բերել Սոչիում արված համատեղ հայտարարությամբ:
Համանախագահները նաև առանձին հանդիպումներ ունեցան Ամենայն Հայոց Կաթողիկոս, նորին սրբություն Գարեգին Երկրորդի ու Կովկասի մահմեդականների վարչության նախագահ մեծ մուֆտի Շեյխուլիսլամ Ալահշուքյուր Փաշազադեի հետ, որպեսզի քննարկեն բնակչությանն արդար, հարատև ու նաև խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:
Հոկտեմբերի 22-ին համանախագահները վերջին տասնչորս ամսվա ընթացքում չորրորդ անգամ հետիոտն հատեցին շփման գիծը: Այդ հատումը վերստին ընդգծեց, որ շփման գիծը հարևան ժողովուրդների միջև հավիտենական խոչընդոտ չէ և ցույց տվեց, որ եթե բոլոր կողմերը ցանկանան ռազմական համակարգումը մաինգամայն հնարավոր է:
Համանախագահները տարածաշրջան կվերադառնան նոյեմբերի վերջին, որպեսզի վերը ներկայացված միջոցառումների մշակման ուղղությամբ շարունակեն աշխատանքները կողմերի հետ և որպեսզի կողմերի միջև հետագա հանդիպումների համար հող նախապատրաստելու նպատակով որոշակիացնեն հետագա քայլերը: