26/10/2011 18:58
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Արևմտյան Հայաստան
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մեկշաբաթյա այցելություններով Արևմտյան Հայաստանում է: Այս մասին տեղեկացնում են «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից:
Հոկտեմբերի 22-ին աշխարհի տարբեր ծայրերից ժամանած հազարավոր հայերի հետ միասին նա մասնակցել է Տիգրանակերտում (Դիարբեքիր) սուրբ Կիրակոս եկեղեցու վերաբացմանը, ապա վերաօծման արարողությանը: Այդ օրը հինավուրց հայ առաքելական այս եկեղեցում կնքվել են նախկինում որպես սուննի մուսուլման ներկայացող մի խումբ արևմտահայեր:
Պատասխանելով հայերի և թուրքերի միջև պահպանվող սառնության մասին «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթի հարցին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը մասնավորապես ասել է. «Անչափ կարևոր է, որ երկու ժողովուրդների միջև հաստատվի երկխոսություն, սակայն դա պետք է տեղի ունենա առանց մոռացության մատնելու պատմական այն ահավոր ողբերգությունը, ինչպիսին է Ցեղասպանությունը»: Խարբերդցի Մուսթաֆան և Հովհաննիսյանը այցաքարտեր են փոխանակել:
Սուրբ Կիրակոս եկեղեցու շուրջ էին խամախմբվել Հայաստանից, Պոլիսից, Սփյուռքից ժամանած ուխտավորներ:
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է նաև Բիթլիս և Մուշ, եղել Սուլուխում, Խնուսում և տեղի Սանասարյան ակադեմիայում: Մի քանի ժամով նա մեկնել է Վան (մինչև այնտեղ տեղի ունեցած երկրաշարժը), ապա ժամանել Կարին, ուր այցելել է «Յառաջ» օրաթերթի գրասենյակի պահպանված շենք:
Արևմտյան Հայաստանի մի քանի այլ քաղաքներ այցելելուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանը կվերադառնա հանրապետություն: