26/10/2011 16:57
ՎիվաՍել-ՄՏՍ-ը «WebԾիրան»-ի գլխավոր հովանավոր
Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանի և WebTV.am ինտերնետ հեռուստատեսության տնօրեն Արայիկ Մանուկյանի համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարվեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և Webtv.am ինտերնետ հեռուստատեսության կողմից հիմնած «WebԾիրան» համահայկական կինոփառատոնի մեկնարկը: Փառատոնի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:
«WebԾիրան» համահայկական կինոփառատոնին կարող են մասնակցել Հայաստանում և արտերկրում ապրող բոլոր հայ կինոռեժիսորները: Մրցույթին կարող են ներկայացվել մինչև 20 րոպե տևողությամբ ֆիլմեր` առանց ժանրային սահմանափակումների` խաղարկային, վավերագրական, անիմացիոն և այլն: «WebԾիրան» համահայկական կինոփառատոնին ներկայացված ֆիլմերը կարող են նկարահանված լինել ցանկացած տեխնիկական միջոցով:
«Աշխարհը սրընթաց շարժվում է վեբի և վեբ-լուծումների ուղղությամբ: Մենք ձգտում ենք անել ամեն ինչ` այս բնագավառում Հայաստանի առաջատար դիրքն ապահովելու համար: Այս ձևաչափով փառատոն անցկացնելու հնարավորությունը փաստում է, որ ինտերնետ հասանելիության ցուցանիշը մեր երկրում բավականաչափ բարձր է: Հաճելի է արձանագրել, որ ժամանակակից տեխնոլոգիաները ներթափանցում են նաև մշակույթի բնագավառ` խրախուսելով տաղանդի բացահայտումը»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Մենք համոզված ենք, որ իրական տաղանդ և հարուստ ներաշխարհ ունեցող յուրաքանչյուր անձի պետք է արտահայտվելու հնարավորություն ընձեռել: Ուրախ ենք նման նախաձեռնության մեջ մեր մասնակցության համար: Փառատոնը կխթանի ասելիք և տեսլական ունեցող տաղանդավոր այն արվեստագետների ստեղծագործականությունը, որոնք ֆինանսական միջոցների պատճառով չեն կարող ստեղծել միջազգային փառատոների չափորոշիչներին տեխնիկապես համապատասխանող ֆիլմեր»,- ավելացրեց Ռալֆ Յիրիկյանը:
Կինոփառատոնին ներկայացված ֆիլմերը ցուցադրվելու են բացառապես webtv.am ինտերնետ հեռուստատեսությամբ իսկ հաղթող ֆիլմերը որոշվելու են ինտերնետ քվեարկության միջոցով: Արդյունքները հրապարակվելու են դեկտեմբերի 25-ին` մրցանակաբաշխության արարողության ժամանակ: Սահմանված է 2 մրցանակ. «WebԾիրան» գլխավոր մրցանակը` 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ և խրախուսական մրցանակ` 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: