27/10/2011 13:52
ԱԺ-ում հարգել են հոկտեմբերի 27-ին զոհերի հիշատակը
Այսօր 1999թ. հոկտեմբերի 27-ին խորհրդարանում տեղի ունեցած ողբերգության 12-րդ տարելիցի կապակցությամբ Ազգային ժողովի այգում ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ տեղի ունեցավ հիշատակի արարողություն:
Զոհերի հիշատակին իրենց հարգանքի տուրքը մատուցեցին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ պատգամավորները, խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչները, խորհրդարանում հավատարմագրված լրագրողները:
Ներկաները ծաղիկներ դրեցին ոճրագործության զոհ դարձած պետական ու քաղաքական գործիչներ, ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի, ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի, Յուրի Բախշյանի, Ռուբեն Միրոյանի, Միքայել Քոթանյանի, Արմենակ Արմենակյանի, Հենրիկ Աբրահամյանի, Լեոնարդ Պետրոսյանի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: