28/10/2011 10:44
Սիրիան ականապատում է Լիբանանի հետ ունեցած սահմանը
Սիրիական զորքերն սկսել են ականապատել Լիբանանի հետ ունեցած սահմանը։ Այս մասին տեղեկացնում է France-Presse գործակալությունը՝ հղում անելով սահմանային գոտում ապրող լիբանանցիներին։
Ականները հիմնականում տեղակայվում են սահմանի հյուսիս-արևելյան մասում, որն առավել մոտիկ է Հոմս քաղաքին։
Երկու երկրների միջև սահմանային այս հատվածը ընդամենը հողային փոքրիկ մի թմբով է նշագծված, ուստի երկու երկրներից սահմանային այս հատվածով մաքսանենգ տարբեր ապրանքներ են տեղափոխվում։
Սիրիայի իշխանությունները մեկ անգամ չէ, որ հայտարարել են, որ Լիբանանի կողմից սահմանային այդ հատվածով իրենց երկիր է տեղափոխվում զենք, որը խռովարարներն օգտագործում են կառավարական ուժերի հետ տեղի ունեցած հակամարտությունների ընթացքում։
Հոմս քաղաքը և դրա արվարձանները Բաշար Ասադի իշխանությանն ընդդիմացող կենտրոններն են։ Այստեղից հաճախակի զինված հարձակումներ են իրականացվում պահակային կետերի ու զինվորների վրա։