02/11/2011 16:12
Նալբանդյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատվիրակությանը
Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստան-ԵՄ Եվրոպական խորհրդարանի խորհրդարանական համագործակցության կոմիտեի պատվիրակությանը՝ ղեկավար Միլան Ցաբրնոխի գլխավորությամբ:
Նախարար Նալբանդյանը գոհունակություն է հայտնել Հայաստան-ԵՄ վերընթաց ապրող համագործակցության կապակցությամբ` այս համատեքստում ընդգծելով միջխորհրդարանական շփումների նշանակությունը` որպես երկկողմ փոխգործակցության կարևոր ձևափաչ:
Ինչպես տեղեկացնում են ԱԳՆ-ից, զրույցի ժամանակ երկուստեք առանձնակիորեն կարևորվել է Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ երկրների և ԵՄ արևելյան հարևանների միջև համագործակցության խորհրդարանական պլատֆորմի` Եվրոնեստի հիմնումը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստան – ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների ներկա փուլին, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և խոր ու համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծմանն ուղղված քայլերին:
Ըստ աղբյուրի, բանակցությունների օրակարգում էր նաև միջազգային և տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ:
Հայաստանի արտգործնախարարը Եվրոխորհրդարանի պատվիրակությանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները: