03/11/2011 10:32
Բյուջեի քննարկում՝ Բակո Սահակյանի մոտ
Նոյեմբերի 2-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն` նվիրված 2012 թվականի պետական բյուջեի ձևավորման հետ կապված հարցերին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ` նախագահը գոհունակություն է հայտնել բյուջեի ձևավորման գործում օրենսդիր և գործադիր մարմինների սերտ համագործակցության կապակցությամբ` նշելով, որ կարևորագույն այս փաստաթղթի մանրակրկիտ քննարկումները ավելի հավասարակշռված են դարձնում այն:
Երկրի ղեկավարը նշել է, որ 2012 թվականի պետական բյուջեն նույնպես պետք է լինի իրատեսական, պահպանի իր սոցիալական ուղղվածությունը և հնարավորություն ընձեռի ապահովել հանրապետության զարգացման դինամիկ տեմպերը:
Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ, պաշտոնատար այլ անձինք: