03/11/2011 17:48
ԵԱՀԿ աջակցությամբ`«կարգավորիչ գիլյոտինի» մեկնարկ Հայաստանում
Հայաստանում տնտեսական արդյունավետ կառավարման խթանումը կարգավորման պարզեցման մեխանիզմի միջոցով` հայտնի նաև որպես «կարգավորիչ գիլյոտին», հանդիսանում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ իրականացվող և այսօր Երևանում մեկնարկած ծրագրի նպատակը: Այս մասին հաղորդում է ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի լրատվական ծառայությունը:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը ս.թ. փետրվարին հրավիրել էր կարգավորման բարեփոխումների միջազգային առաջատար փորձագետ` գնահատելու Հայաստանի գործարար միջավայրն ու առավել արդյունավետ պետական կարգավորման համակարգ ստեղծելու գործիքներն` ի պատասխան ՀՀ կառավարության խնդրանքին: Ըստ գնահատման` բազմաթիվ հնացած ու հակասական իրավական նորմեր խոչընդոտում են գործարարության զարգացմանը Հայաստանում և կարիք ունեն պարզեցման:
«Ստորագրելով մտադրությունների մասին սույն նամակն այսօր` ԵԱՀԿ-ն ստանձնում է կառավարության ջանքերին աջակցելու պարտավորվածություն` իրականացնելու կարգավորիչ բարեփոխումներ, որոնք կբարձրացնեն հաշվետվողականությունն ու թափանցիկությունը, կնվազեցնեն կոռուպցիոն ռիսկերը և Հայաստանը կդարձնեն գրավիչ` օտարերկրյա ներդրողների համար: «Կարգավորիչ գիլյոտինն» իրականացվել է աշխարհի շատ երկրներում և նպաստել է գործարարության և օտարերկրյա ներդրումների աճին», - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Քարել Հոֆսթրան:
Ծրագրի շրջանակներում ձեռնարկատիրական գործունեությունը կարգավորող ու մարդկանց առօրյայի հետ առնչվող պետական կարգավորման դաշտը կվերանայվի և կպարզեցվի: Ողջ ծրագրի ընթացքում, որը կմեկնարկի ս.թ. դեկտեմբերի 1-ին և կշարունակվի մինչև 2013թ. նոյեմբերի 31-ը, կգործի «Երկխոսության համատեղ ֆորումը»` նպաստելու տեղեկատվության փոխանակման և կողմերի միջև հետագա քննարկումներին:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀՀ կառավարության հետ միասին` նամակը ստորագրել են «Ավստրիական զարգացման գործակալությունը», ԱՄՆ ՄԶԳ, Համաշխարհային բանկի և ՄԱԶԾ տեղի ներկայացուցչությունները: