04/11/2011 18:12
Ղարաբաղ Տելեկոմը 5000 ինտերնետ բաժանորդ ունի
Ղարաբաղ Տելեկոմի ինտերնետ բաժանորդների թիվը օրեցօր աճում է: Հոկտեմբեր ամսում արձանագրվեց 5000-րդ բաժանորդը: Դա Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի Արևհատ Հակոբյանն էր: Այս մասին հաղորդում են ընկերությունից:
Այդ կապակցությամբ Ղարաբաղ Տելեկոմի գլխավոր տնօրենի տեղակալ պ-ն Գեորգես Տերտերյանը հանդիպեց տիկին Հակոբյանին և մատուցեց հաճելի անակընկալ` HP Mini նեթբուք: Հանձնելով նվերը` պ-րն Տերտերյանը նշեց, որ Ղարաբաղ Տելեկոմի հիմնական նպատակն է դառնալ յուրաքանչյուր բաժանորդի ընկեր, ինչի համար ընկերությունը ջանասիրությամբ աշխատում է սակագների բարելավման և ծառայությունների որակի կատարելագործման ուղղությամբ:
Այսպես, օրինակ, 2010 թվականի նոյեմբեր ամսից առ այսօր, գրեթե 1 տարվա ընթացքում, Ղարաբաղ Տելեկոմը մոտ 40 անգամ իջեցրել է ինտերնետ կապի ծառայությունների սակագները և կազմակերպել մեծ արձագանք ստացած ակցիաներ, որի արդյունքում Ղարաբաղ Տելեկոմի ինտերնետ բաժանորդների թիվը 6 ամսվա ընթացքում 486-ից հասել է 5000–ի: