05/11/2011 10:22
Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը` Վեհափառին
Երեկ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ Երևան քաղաքում մասնակցել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ծննդյան 60-ամյակին և գահակալության 12-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը և հանդես եկել շնորհավորական խոսքով:
Այս մասին հաղորդում են ԼՂՀ Նախագահի տեղեկատվական վարչությունից:
Շնորհավորական ուղերձում մասնավորաբար ասված է.
«Ես անչափ ուրախ եմ, որ առիթ ունեմ մասնակցել Ամենայն հայոց կաթողիկոսի ծննդյան 60-ամյակին և գահակալության 12-րդ տարեդարձին նվիրված այս հանդիսավոր միջոցառմանը: Մեծագույն գոհունակությամբ ուզում եմ հաղորդել Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները` այս հիշարժան տարեդարձերի կապակցությամբ:
Հոբելյանը լավ առիթ է` արժևորելու մարդու անցած ուղին, գնահատելու նրա գործն ու տեղը այս կյանքում: Հատկապես, երբ խոսքը մի այնպիսի անհատականության մասին է, ինչպիսին Վեհափառ Հայրապետն է:
Շփվելով Գարեգին Երկրորդի հետ՝ ունենում ես երկակի զգացմունքներ: Մի կողմից, անմիջապես զգում ես նրա խորը հավատքը, անձնվեր հայրենասիրությունը, լայն աշխարհայացքը, անսպառ եռանդը և ռեալ պատկերացումները անցյալի, ներկայի ու ապագայի մասին: Մյուս կողմից, շփման մեջ նա չափազանց հասարակ մի անձնավորություն է:
Սրանք այն հատկանիշներն են, որոնք բնորոշ են հեղինակավոր կրոնական ու հասարակական գործիչներին և որոնք չէին կարող իրենց ազդեցությունը չունենալ կաթողիկոսի գործունեության վրա:
Գարեգին Երկրորդի գահակալության այս 12 տարիների ընթացքում նշանակալի աշխատանք է կատարվել` ուղղված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զորացմանը, ժողովուրդ-պետություն-եկեղեցի փոխհարաբերությունների ամրապնդմանը, միջեկեղեցական փոխգործակցության խորացմանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շենացմանն ու բարգավաճմանը: Հատկապես անգնահատելի է նրա ավանդը Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի շարունակական սերտացման գործում: Արցախում այս ամենը միշտ հիշում և բարձր ենք գնահատում:
Վեհափառ Տեր,
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ և մաղթում արևշատություն, խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք` ի փառս համայն հայության, մեր եկեղեցու և հայրենիքի լուսավոր ապագայի: Վստահ եղեք, որ ի դեմս Արցախի ժողովրդի Դուք ունեք Հայ Առաքելական Եկեղեցու զավակներ, ովքեր կրել, կրում և այսուհետ էլ պատվով կկրեն հավատքի իրենց խաչը»: