07/11/2011 18:14
Կաջակցի Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի հետազոտմանը
Այսօր ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Քարել Հոֆսթրան և Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր ուղղված թունավոր տեղանքի ռիսկերի գնահատման և էկոլոգիապես անվտանգ վնասազերծման մեթոդի մշակմանը: Այս մասին տեղեկացնում են ԵԱՀԿ գրասենյակից:
Երևանի Նուբարաշեն թաղամասում գտնվող բլուրում թաղվել են մոտ 500 տոննա ժամկետանց պեստիցիդներ և կայուն օրգանական աղտոտիչներ, այդ թվում` ԴԴՏ: Անցյալ տարի ԵԱՀԿ աջակցությամբ մշակվեց արտակարգ իրավիճակի գործողությունների ծրագիր` կանխելու թունաքիմիկատների թափանցումը շրջակա միջավայր:
Տեղանքն այնուամենայնիվ դեռևս վտանգ է ներկայացնում, քանի որ գտնվում է սողանքային ակտիվ գոտում, բնակեցված և գյուղատնտեսական տարածքներին մոտ: Նոր ծրագրի շրջանակներում կիրականացվի գերեզմանոցի` շրջակա միջավայրի ու մարդու առողջությանը սպառնացող ռիսկերի, լցոնված նյութերի բաղադրության ու գեոֆիզիկական իրավիճակի գնահատում, կառաջարկվի տեղանքի վերջնական վնասազերծման մի քանի տարբերակներ:
«Այս ծրագիրը, որ մենք սկսում ենք այսօր, կարևոր կլինի` շրջակա տարածքի բնակիչների համար անվտանգ միջավայր ապահովելու գործում», - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Քարել Հոֆսթրան.- «Ես հավատացած եմ, որ մարդկանց համար առկա ռիսկերի գնահատումը, տեղանքի գեոֆիզիկական ուսումնասիրությունը և սողանքի ու էրոզիայի վտանգների վերլուծությունը կօգնի հստակ պատկերացում կազմել և առաջարկել արդյունավետ լուծումներ»:
ԵԱՀԿ-ն կտրամադրի կազմակերպչական, տեխնիկական և ֆինանսական աջակցություն ծրագրի իրականացման համար, որ կշարունակվի մինչև 2012թ. դեկտեմբերի վերջ: