08/11/2011 10:42
Մայքլ Ջեքսոնի բժիշկը մեղավոր է ճանաչվել
Ամերիկյան դատարանը շուրջ 7-շաբաթյա դատավարությունից հետո երեքշաբթի կայացրել է վճիռ, համաձայն որի հանգուցյալ Մայքլ Ջեքսոնի բժիշկ Կոնռադ Մյուրեյը մեղավոր է ճանաչվել փոփ-աստղին ոչ դիտավորյալ սպանելու համար:
«Որոշումն ընդունվել է միաձայն և ենթակա չէ բողոքարկման», -հայտարարել է դատավոր Մայքլ Պաստորը, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Իսկ թե ինչպիսի պատիժ կկրի Մյուրեյը, կորոշվի նոյեմբերի 29-ին, հայտարարել է դատավորը: Սակայն մինչ այդ բժիշկը կգտնվի անազատության մեջ: Նա նույնիսկ իրավունք չունի գրավի դիմաց ազատ արձակվել:
Որպեսզի որոշումն օրինական ուժ ունենա, այն պետք է միաձայն ընդունված լինի: Երդվյալ ատենակալները` 7 տղամարդ և 5 կին, մինչ այդ ծանոթացել էին 49 վկաների ցուցմունքների, ինչպես նաև 300 իրեղեն ապացույցների հետ: Մյուրեյը իրեն դատապարտող որոշումը ընդունել է առանց որևէ էմոցիաների. ձեռնաշղթաներով կապել են նրա ձեռքերը և հեռացրել դատական նիստերի դահլիճից:
Հիշեցնենք, որ երգիչը մահացել էր 2009-ի հունիսի 25-ին, 50 տարեկան հասակում. Նրա սիրտը կանգ էր առել դեղամիջոցների չափից ավելի չափաքանակ ընդունելու հետևանքով: