08/11/2011 13:15
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է իրանցի գործընկեր Ալի Աքբար Սալեհիին
Նոյեմբերի 8-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց աշխատանքային այցով Երեւան ժամանած իր իրանցի գործընկեր Ալի Աքբար Սալեհիին:
Ինչպես տեղեկացնում են ԱԳՆ մամլո ծառայությունից, ողջունելով հյուրի` նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստան կատարած առաջին այցելությունը` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց հայ-իրանական պատմականորեն ձեւավորված ամուր բարեկամական հարաբերությունները, որոնք երկուստեք ջանքերի շնորհիվ շարունակում են վերընթաց զարգացում ապրել:
Ալի Աքբար Սալեհին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` նշեց, որ շատ ուրախ է բարեկամ Հայաստան այցելելու հնարավորության համար: Իրանի արտգործնախարարն ասաց, որ իր երկիրը մշտապես բարձր է գնահատել հարեւան Հայաստանի հետ հարաբերությունների առավել զարգացումը, եւ շարունակելու է հետեւել իր որդեգրած քաղաքականությանը:
Զրույցի ընթացքում արտգործնախարարներ Նալբանդյանն ու Սալեհին անդրադարձան այս տարվա վերջին նախատեսված Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքներին:
Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերությունների քաղաքական, տնտեսական, միջխորհրդարանական, էներգետիկ, տրանսպորտային, կրթամշակութային, ապակենտրոնացված եւ զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերին:
Էդվարդ Նալբանդյանն ու Ալի Աքբար Սալեհին խոսեցին նաեւ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքից:
Արտգործնախարարներ Նալբանդյանն ու Սալեհին մտքեր փոխանակեցին միջազգային եւ տարածաշրջանային հիմնախնդիրների շուրջ: