08/11/2011 11:43
«Բարեբախտություն է, որ Իրանի ու Հայաստանի միջև խնդիրներ չկան»
Այսօր լրագրողների հետ հանդիպեցին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին: Է. Նալբանդյանը, ողջունելով իր գործընկերոջը ՀՀ-ում, նշեց, որ նա առաջին անգամ է Հայասատնում, և այս այցելությունը լավ միջոց է՝ շարունակելու երկկողմ հարաբերությունները:
ՀՀ արտգործնախարարը տեղեկացրեց, որ Իրանի իր պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ դինամիկ զարգացող հարաբերությունները, ինչպես նաև՝ երկու երկրների նախագահների միջև եղած պայմանավորվածությունը:
«Քննարկվել են տարածաշրջանային, միջազգային հարցեր, սակայն ամենակարևոր հարցը Իրանի նախագահի այցն է Հայաստան»,- նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարը:
Իրանի արտգործնախարարն էլ իր հերթին նշեց, որ այս այցելությունից հետո ինքը Հայաստանից գնալու է հաճելի հիշողություններով: «Վերջին տասը ամիսների ընթացքում երկու պետությունների միջև քննարկվել են երկկողմ տարածաշրջանային և միջազգային հարցեր»:
Իրանի արտգործնախարարը բարեբախտություն համարեց, որ Իրանի ու Հայաստանի միջև խնդիրներ չկան: «Մեր ջանքերն այնպես պետք է լինեն, որ երկկողմ հարաբերությունները զարգանան, խորանան և ընդլանվեն»,- ընդգծեց Իրանի արտգործնախարարը: