09/11/2011 13:33
ՄԱԳԱՏԵ-ի զեկույցը միայն կվնասի այդ կազմակերպությանը
Իրանի իշխանությունները որևէ նոր բան չեն տեսել այն տեղեկությունների մեջ, որոնք հրապարակել է Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպությունը` ՄԱԳԱՏԵ-ն և նշել են, որ արևմտյան գործակալությունների կողմից այդ զեկույցից որոշ քաղվածքների հրապարակումը կվնասի միայն այդ կազմակերպությանը:
Իրանի ներկայացուցիչը ՄԱԳԱՏԵ-ում` Ալի Աշգար Սալտանին նշել է, որ ՄԱԳԱՏԵ-ի զեկույցը հավասարակշռված չէ, պրոֆեսիոնալ չէ և ունի քաղաքական դրդապատճառներ:
Սալտանին նաև նշել է, որ այդ զեկույցը տարածում է ստացել, չնայած Իրանի բանակցություններ վարելու պատրաստակամությանը:
ՄԱԳԱՏԵ-ի զեկույցում նշվում է, որ իրանական փորձագետները թեստեր են անցկացրել, որոնք ուղղված են եղել ատոմային պայթուցիկ սարքի ստեղծմանը:
Զեկույցում նշվում է նաև, որ Իրանում զբաղվել են համակարգչային մոդելավորմամբ, որի նպատակը կարող էր լինել միայն ատոմային լիցքի ստեղծումը:
ՄԱԳԱՏԵ-ի զեկույցի մեջ ասվում է այն մասին, որ Իրանը մինչև 2003թ.-ը աշխատանքներ է տարել, որոնք ուղղված են եղել ատոմային զենքի ստեղծմանը, իսկ նմանատիպ գործունեությունը կարող է իրականացվել նաև այժմ: