09/11/2011 13:03
Շտյորե. Բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով
Պաշտոնական այցով Երևանում գտնվող Նորվեգիայի ԱԳ նախարար Յոնաս Գահր Շտյորեն լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ նորվեգական նավթային ու էներգետիկ ընկերությունները Ադրբեջանում աշխատում են այդ երկրի օրենքներին ու կանոններին համապատասխան` միաժամանակ հավատարիմ մնալով միջազգային հիմնարար ստանդարտներին. «Ես ոչ մի կասկած չունեմ, որ մեր ընկերություններն այդպես են աշխատում Ադրբեջանում»,- ընդգծեց ԱԳ նախարարը:
Յոնաս Գահր Շտյորեն, ի պատասխան լրագրողներից մեկի հարցին, թե Նորվեգիան մտավախություն չունի՞, որ իր ներդրած գումարներով Ադրբեջանը սպառազինությունների մրցավազք է սկսել, ու հաճախ էլ հանդես է գալիս ուժի կիրառման սպառնալիքներով, հայտարարեց, թե Նորվեգիան այն դիրքորոշմանն է, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով ու քաղաքական ջանքերի միջոցով:
«Մենք օժանդակում ենք ցանկացած նախաձեռնություն, որն իրականացվում է երկրների կողմից: Երբ խոսքը վերաբերում է ԼՂ հակամարտության խնդրին, մենք շեշտադրում ենք ԵԱՀԿ միջնորդական խմբին և միջազգային հանրության ջանքերին, որոնք օժանդակում են, որ կողմերը հասնեն խաղաղ լուծման այս հարցում»,-ամփոփեց իր խոսքը ԱԳ նախարարը: