10/11/2011 13:03
Արցախի Հանրապետության նախագահը Շվեյցարիայում է
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 9-ին այցելել է Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն և հանդիսավոր պայմաններում պետական պարգևներ հանձնել շվեյցարահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
ԼՂՀ-ին ցուցաբերած աջակցության համար բարերար Վարդան Սերմաքեշին է հանձնվել «Մեսրոպ Մաշտոց» շքանշան, իսկ հասարակական գործիչ Արդեն Շելեֆյանին` «Վաչագան Բարեպաշտ» մեդալ:
Նույն օրը Բակո Սահակյանը Ժնևի հայկական կենտրոնում հանդիպում է ունեցել շվեյցարահայ մի շարք կազմակերպությունների ղեկավարների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում երկրի ղեկավարը ներկայացրել է Արցախի սոցիալ-տնտեսական իրավիճակը, մեր հանրապետության արտաքին քաղաքականությունը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլն ու հեռանկարները:
Բակո Սահակյանն անդրադարձել է նաև ներհայկական կապերի խորացմանը` նշելով, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շարունակական ամրապնդումը հանդիսանում է ղարաբաղյան պետականության ամենակարևոր հիմքերից մեկը: Այս համատեքստում Նախագահ Սահակյանը կարևորել է Շվեյցարիայի հայ համայնքի հետ հարաբերությունների զարգացումը` շեշտելով դրանց նոր լիցք հաղորդելու անհրաժեշտությունը: Նախագահը նաև պատասխանել է հանդիպման մասնակիցների կողմից բարձրացված հարցերին:
Միջոցառումներին մասկակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Շվեյցարիայում ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Սաթենիկ Աբգարյանը, պաշտոնատար այլ անձինք: