10/11/2011 13:33
Հայ ուսանողները նեղել են Կանադայում Թուրքիայի դեսպանին
Նոյեմբերի 9-ին ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի դիվանագիտության և իրավունքի դպրոցում դասախոսությամբ է հանդես եկել Կանադայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆետ Աքգյունայը: Վերջինս մինչ դեսպան դառնալը զբաղեցրել է Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանի արտաքին քաղաքական հարցերով գլխավոր խորհրդականի պաշտոնը։
Դեսպան Աքգյունայը, չնայած այն հանգամանքին, որ դասախոսությունը վերնագրված է եղել «Թուրքիան և Մերձավոր Արևելքը», լայնորեն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունների արդի փուլին։ Մասնավորապես նա նշել է, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումն առկախված է այն պատճառով, որ պաշտոնական Երևանը խնդիրներ ունի ինչպես երկրի ներսում, այնպես էլ սփյուռքի հետ և չի կարողանում քաղաքական կամք դրսևորել վավերացնելու արձանագրությունները։
Դասախոսությանը ներկա հայ ուսանողները թուրք դեսպանին հիշեցրել են, որ ԱՄՆ պետքարտուղարը, ինչպես նաև միջազգային հանրության այլ ներկայացուցիչներ բազմիցս նշել են, որ գնդակը թուրքական դաշտում է, և կարիք չկա փորձել ապակողմնորոշել լսարանին։ Հայ ուսանողների կողմից նաև նշվել է Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ժխտմանն ուղղված քայլերի մասին, որին թուրք դեսպանը չկարողացավ պատասխան գտնել։
Ուսանողներն ընդգծել են նաև Աքգյունայի կողմից այդքան գովազդված «տարածաշրջանայիան համագործակցության և հարևանների հետ զրո խնդիրների քաղաքականության» սնանկությունը և փաստացի վերածումը «շատ շատ խնդիրներ հարևանների հետ» քաղաքականության, հարցնելով՝ թե ով է պատասխանատու ռազմավարության և քաղաքականության միջև նման շեղման համար։ Աքգյունայը, ընդունելով, որ դա ճիշտ է, սկսել է շփոթված պատասխանել ու արդարացումներ փնտրել, ինչը կրկին ներկաների աչքում սասանել է նրա դասախոսության առանցքը։
Ֆլետչերի դիվանագիտության և իրավունքի դպրոցը հիմնադրվել է 1933թ. և հանդիսանում է ԱՄՆ-ի և ամբողջ աշխարհի առաջատար դիվանագիտական դպրոցներից մեկը։