12/11/2011 15:56
Հայտնի են դարձել Orange Գրքի մրցանակակիրների անունները
Երեկ երեկոյան տեղի ունեցավ «Orange գրքի մրցանակ 2011» գրքի մրցույթի մրցանակաբաշխությունը, որի ընթացքում ամփոփվեցին մրցույթի արդյունքները և հայտարարվեցին հաղթողների անունները:
Վեպ. «Շների համաստեղությունը» (Նարինե Կռոյան) - 924 քվե, էսսե. «Կամուրջ դեպի Տանյան` արտասովոր բանաստեղծն ու կինը», (Վիոլետ Գրիգորյան) - 309 քվե.
Պատվածք. «Ֆուտբոլի գնդակի երազանքը» (Տաթև Դերզյան) - 1506 քվե.
«Սցենար» և «հեքիաթ» կատեգորիաներում երկրորդ փուլում ներկայացվել էին մեկական գործ, որոնք էլ ճանաչվում են հաղթող այդ կատեգորիաներում.
Սցենար. «Չարենց» (Վահրամ Մարտիրոսյան) և Հեքիաթ. «Անկիմյուրի բնակիչները» (Արմինե Աբրահամյան):
Յուրաքանչյուր ժանրում հաղթող ճանաչված ստեղծագործությունը կհրատարակվի առանձին գրքով, 500 տպաքանակով:
Մրցանակաբաշխության երեկոյի ժամանակ Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան շնորհավորեց մրցանակակիրներին` մասնավորապես ասելով. «Հետաքրքրությամբ հետևեցինք այն քննարկումներին, որ ծավալվեցին սոցիալական ցանցերում և այլ հարթակներում: Նախևառաջ դա խոսում է նախագծի հետաքրքրության ու արդիականության մասին: Ինչպես արդեն բազմիցս ասել ենք, Orange Գրքի մրցանակն ավելի շուտ ոչ թե գրական մրցանակ է, այլ ընթերցողի և գրքի սիրահարների մրցանակ:
Մենք այս ընթացքում արեցինք հնարավորը` հանրային ընթերցանությունների, քննարկումների միջոցով խթանելու հետաքրքրությունը ընթերցանության նկատմամբ: Ընթերցողներն արեցին իրենց ընտրությունը և մենք երջանիկ ենք աջակցել, որպեսզի նրանց ընտրած ստեղծագործությունները դառնան գիրք»:
Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցել են նրանք, ովքեր ստեղծագործում են հայերենով, ներկայացրել են նախկինում չհրատարակված գրական երկ և մշտապես բնակվում են Հայաստանում: Մրցույթին ընդհանուր թվով մասնակցել է 130 ստեղծագործություն:
Առաջին փուլի արդյունքներով ժյուրիի անդամները պետք է ընտրեին առավելագույնը չորս ստեղծագործություն յուրաքանչյուր ժանրում, որոնք էլ երկրորդ փուլում ներկայացվեցին ընթերցողների լայն զանգվածների դատին:
Հեքիաթ և սցենար/դրամատիկական գործ կատեգորիաներում ժյուրիի բարձր գնահատականին արժանացել են միայն մեկական գործ, որոնք էլ ավտոմատ կերպով դարձան տվյալ անվանակարգում հաղթող: «Վեպ», «էսսե» և «պատմվածք» անվանակարգերում հաղթողներն ընտրվել են Orange-ի վեբ կայքում`www.orangearmenia.am/book-prize ընթերցողների առցանց քվեարկությամբ, որտեղ ընթերցողները քվեարկել են դուր եկած ստեղծագործության օգտին Facebook սոցիալական ցանցի միջոցով` սեղմելով յուրաքանչյուր ստեղծագործության մոտ հասանելի «like» կոճակը:
Մրցույթի նպատակն էր խթանել հետաքրքրությունը ընթերցանության նկատմամբ, բացահայտել ժամանակակից հայ գրողներին, օրեցօր զարգացող էլեկտրանային մեդիայի միջոցով տարածել նրանց ստեղծագործությունները ընթերցողների առավել լայն զանգվածներին: Այս նախաձեռնությամբ Orange-ը նաև պատրաստվում է Երևանի հետ միասին նշել գրքի և ընթերցանության տոնը` ընթառաջ գնալով 2012թ., երբ Երևանը կդառնա գրքի համաշխարհային մայրաքաղաքը: Orange գրքի մրցանակը կազմակերպվում և իրականացվում է «Հայ գրքի կենտրոն» հասարակական կազմակերպության հետ միասին: