15/11/2011 15:57
Սերժ Սարգսյանն ընդունել է Ֆիլիպ Կոտլերին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ-ի հյուսիսարևմտյան համալսարանի Ջոն Քելլոգի մենեջմենթի բարձրագույն դպրոցի միջազգային մարքեթինգի պրոֆեսոր Ֆիլիպ Կոտլերին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից:
Նախագահը ողջունել է պրոֆեսոր Կոտլերին և վստահություն հայտնել, որ նրա այցը մեր երկիր օգտակար կլինի շուկայագիտության և բիզնեսի կազմակերպման հմտությունները կատարելագործելու մեծ ձգտում ունեցող Հայաստանի երիտասարդության ու գործարար համայնքի համար, ովքեր անհամբերությամբ սպասում են աշխարհահռչակ պրոֆեսորի հետ հանդիպմանը, նրա դասախոսություններին:
Ընդգծելով, որ արդի աշխարհում մարքեթինգը, որպես հեռանկարային ուղղություն և գիտություն, չափազանց կարևոր է շուկայական տնտեսություն վարող ցանկացած երկրի համար, Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է Հայաստանում մարքեթինգի զարգացման տարածաշրջանային կենտրոն հիմնելու՝ Ֆիլիպ Կոտլերի նախաձեռնությունը, որի իրականացման դեպքում այն կարևոր դեր կարող է ունենալ ոլորտի բարձրակարգ մասնագետների պատրաստման գործում:
Պրոֆեսոր Կոտլերը մարքեթինգը համարելով և՛ գիտություն, և՛ արվեստ, նշել է, որ պատրաստ է դրանց վերաբերյալ իր գիտելիքները մեծ հաճույքով հաղորդել Հայաստանի երիտասարդներին ու գործարարներին: