15/11/2011 12:56
Տարոն Մարգարյանը միաձայն ընտրվեց Երևանի քաղաքապետ
Հաշվիչ հանձնաժողովն ավարտեց Երևանի քաղաքապետ ընտրության ձայների հաշվումը և արձանագրեց, որ ավագանու 49 անդամները միաձայն Երևանի քաղաքապետ են ընտրել Տարոն Մարգարյանին:
Ձայների հաշվարկից հետո Երևանի ավագանին շարունակեց նիստը։ Հաշվիչ հանձնաժողովի նախագահը Երևանի ավագանու նիստում հայտարարեց.
Հիմք ընդունելով քվեարկության արդյունքները` հաշվիչ հանձնաժողովն արձանագրել է. միաձայն Երևանի քաղաքապետ է ընտրվել Տարոն Անդրանիկի Մարգարյանը։
Նորընտիր քաղաքապետը շնորհակալություն հայտնելով վստահության համար` ասաց.
«Ես վստահ եմ, որ մեր միասնական թիմի ուժերով կկարողանանք մեր Երևան քաղաքի և երևանցու այն խնդիրները, որոնք մեր առջև դրված են, կատարենք։ Հետևողական աշխատանքի շնորհիվ մենք կկարողանանք հասնել արդյունքների։ Այն համագործակցությունը, որն այս երկու տարիներին եղել է, այն քննարկումները, որ ավագանու հետ միասին մենք իրականացրել ենք և արդյունքներ ենք արձանագրել՝ շարունակական է լինելու։ Ես ակնկալելու եմ ավագանու անդամենրից, որ քննարկումներն ավելի շատացնենք ու ակտիվացնենք։ Ես վստահ եմ, որ այդ մասնակցությունն ու ցանկությունն ավագանու անդամների կողմից էլ կա։ Մեր հիմնական ծրագրերի հիմքը լինելու է 2009թ. Երևանի ավագանու ընտրությունների մեր նախընտրական ծրագիրը, որը մենք միասին պետք է կյանքի կոչենք և հասնենք բնական ավարտի»։
Ինչպես հաղորդեց քաղաքապետարանում գտնվող մեր թղթակիցը, այս պահին հաշվիչ հանձնաժողովը կազմում է արձանագրություն` ամրագրելով Տարոն Մարգարյանի քաղաքապետ ընտրվելու փաստը: Արձանագրությունը կներկայացվի քաղաքապետարանի աշխատակազմին: