15/11/2011 11:57
Երևանի ավագանին առաջադրեց Տ. Մարգարյանի թեկնածությունը
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ Երևանի ավագանու նիստը, որն այսօր պետք է որոշի, թե ո՞վ է լինելու Երևանի հաջորդ քաղաքապետը։
Նիստին ներկա էին Երևանի ավագանու 49 անդամներ։
Ավագանու Հանրապետական խմբակցության նախագահ Դերենիկ Դումանյանն առաջարկեց ՀՀԿ խմբակցության կողմից Երևանի քաղաքապետի պաշտոնում պաշտպանել Տարոն Մարգարյանի թեկնածությունը։
Նա նշեց, որ Տարոն Մարգարյանը ՏԻՄ մարմիններում աշխատելու մեծ փորձ ունի, եղել է Ավանի թաղապետ, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաջատեղյակ է Երևանի խնդիրներին և, դառնալով Երևանի քաղաքապետ, կնպաստի մայրաքաղաքի էլ ավելի զարգացմանը։
ԲՀԿ խմբակցությունը ևս առաջադրեց Տարոն Մարգարյանի թեկնածությունը։
Խմբակցության նախագահ Գուրգեն Գասպարյանը նշեց, որ իրենց խմբակցությունը ևս վստահ է, որ, ընտրվելով Երևանի քաղաքապետ, Տ. Մարգարյանը լավ կաշխատի։
Տարոն Մարգարյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար, նշեց, որ ՏԻՄ համակարգը հոգեհարազատ է իրեն, հինգ տարի եղել է Ավան համայնքի թաղապետ, ապա Երևանի քաղաքապետի 1-ին տեղակալ և պատրաստ է աշխատել՝ լուծումներ տալ քաղաքի առջև ծառացած հիմնախնդիրներին։
Րոպեներ անց կսկսվի քվեարկությունը։ Ավագանու անդամները փակ գաղտնի քվեարկությամբ կկատարեն իրենց ընտրությունը։ Ժամը 13. 00-ին կհրապարակվի Երևանի նոր քաղաքապետի անունը։