16/11/2011 13:01
Հակաճգնաժամային ծրագիր` Դեմոկրատական կուսակցությունից
Թե ինչ ձևաչափով կմասնակցի Դեմոկրատական կուսակցությունն առաջիկա ընտրություններին, պարզ կլինի փետրվարին, երբ կայանա կուսակցության համաժողովը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով ՀՀ ներքին և արտաքին քաղաքական մարտահրավերների մասին, հայտարարեց կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Գնահատելով երկրի ներքաղաքական իրավիճակը՝ Ա. Սարգսյանն ընդգծեց, թե ներկայում ակնհայտ է, որ երկիրը չունի զարգացման ռազմավարություն, իսկ եթե ունենար, ապա, ըստ նրա, զարգացման արդյունք կլիներ:
«Հիմա ներքաղաքական կյանքում կա ուղղակի խառնաշփոթ»,- ասաց նա և ավելացրեց, որ նույն խառնաշփոթն է նաև իշխանությունում և իշխանական կոալիցիայում:
Ա. Սարգսյանը հայտարարեց նաև, որ իր կուսակցությունը պատրաստվում է գրավոր տարբերակով առաջարկել առնվազն երկու տարվա հակաճգնաժամային ծրագիր: Նա տեղեկացրեց, որ այդ հարցը «իշխող քաղաքական ուժերի որոշ ատյաններում քննարկվում է»: