17/11/2011 12:56
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի
Նոյեմբերի 17-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի ուղղությամբ:
ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը /Հունգարիա/, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և Մարիուս Պուոձիունասը /Լիտվա/:
Շփման գծի հակառակ կողմից դիտարկման առաքելությունը ղեկավարում էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Դիտարկման խմբում էին ԳՆԱՆ դաշտային օգնականներ Ուիլյամ Փրայորը /Մեծ Բրիտանիա/ և Անթալ Հերդիչը /Հունգարիա/:
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի: Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: