17/11/2011 17:03
Անվճար ակնաբուժական աջակցություն ստացավ 3,115 հոգի
Orange ընկերության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ ավարտին է մոտենում Արագածոտնի մարզում Orange Հիմնադրամի և Հայկական ակնաբուժության նախագծի համատեղ ծրագիրը, որի նպատակն էր Արագածոտնի մարզի բնակիչների համար անցկացնել անվճար ակնային զննումներ և իրականացնել բուժումներ սոցիալապես անապահով անձանց համար:
Ծրագրի շրջանակներում ավելի քան 1800 մեծահասակներ և շուրջ 1300 երեխաներ անցել են ակնային հետազոտություն, շուրջ 600 մեծահասակներ անցել են խորացված հետազոտություն Աչքի շարժական հիվանդանոցում, տրամադրվել է մոտ 600 ակնոց: Իրականացվել են մոտ 200 վիրահատություններ և լազերային բուժումներ: Ակնային զննումներին զուգահեռ մոտ 500 երեխաների համար Արագածոտնի մարզի ինը դպրոցներում անց են կացվել նաև ակնային խնամքի հանրակրթական հատուկ դասընթացներ:
Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին բնակչության ակնային զննումների աշխատանքերում Հայկական ակնաբուժության նախագծին ակտիվորեն աջակցեցին տեղի ակնաբույժները` մասնավորապես Թալինի և Աշտարակի շրջաններում: Այստեղի և հարակից գյուղերի բնակիչները դիմում էին տեղի ակնաբույժներին, ովքեր հիվանդներին ընդունում էին շրջկենտրոններում կամ որոշակի օրերի այցելում շրջանների գյուղերը: Հայկական ակնաբուժության նախագծի բժշկական խմբերն իրենց հերթին այցելեցին Արագածի և Ապարանի շրջանները: Աչքի շարժական հիվանդանոցը կայանել էր Ծաղկահովիտում, Ապարանում, Թալինում, և մինչև նոյեմբերի 20-ը կլինի Աշտարակում:
Արագածոտնի մարզում ծրագրի իրականացման համար Orange Հիմնադրամը տրամադրել է 5 միլիոն դրամ:
«Մեր ընկերության առաջնային խնդիրն է՝ հեշտացնել հաղորդակցումը մարդկանց միջև, այդ իսկ պատճառով տեսողական խնդիրներ ունեցողներն Orange Հիմնադրամի հոգածության կենտրոնում են: Շիրակի մարզի նախագծից հետո այսօր Արագածոտնում ենք, որտեղ հանդիպեցինք մարդկանց, ում կյանքը փոխվել է Հիմնադրամի ու մեր գործընկերների շնորհիվ: Հատկանշական է, որ ախտորոշված երեխաների 68%-ն ակնային զննում էին անցնում առաջին անգամ, իսկ հիվանդության առաջնային փուլում բացահայտումը միակ երաշխիքն է դրա հետագա զարգացման կանխման համար: Հպարտ ենք համագործակցել Հայկական Ակնաբուժության նախագծի հետ և շնորհավորում ենք նրանց այս արդյունքների համար»,-սել է Օrange Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Բրունո Դյութուան, ով այսօր այցելել է Աշտարակում կայանած աչքի շարժական հիվանդանոցը: Սա նրա երկրորդ այցելություն էր` հիվանդների զննմանն ու վիրահատություններին ականատես լինելու և մարդկանց հետ նրանց տպավորությունների շուրջ զրուցելու նպատակով:
«Շիրակի մարզում մենք ավարտեցինք «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակում Հայաստանում իրականացվող մեր չորրորդ շրջայցը, իսկ Արագածոնտում սկսեցինք հինգերորդը: Տեղեկացնեմ , որ հաջորդ տարի կայցելենք Արարատի, Արմավիրի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերը, ինչպես նաև հնարավոր է Լեռնային Ղարաբաղ: Ուրախալի է արձանագրել, որ սկսած 2003 թ. բազմաթիվ գործընկերների և հովանավորների աջակցությամբ մեզ հաջողվել է ստուգել ՀՀ բնակչության գրեթե 10 %-ի տեսողությունը և օգնել տասնյակ հազարավոր մարդկանց: Ուրախ ենք տեսնել Orange Հիմնադրամին մեր ռազմավարական գործընկերների շարքում և ցանկանում ենք Շիրակի և Արագածոտնի բնակչության անունից մեր խորին շնորհակալությունը հայտնել ցուցաբերած աջակցության համար: Մեզ հաճելի է, որ Orange-ը Հայաստանում կարողանում է ներկայացնել կորպորատիվ բարեգործություն իրականացնելու նման բարձր մակարդակի օրինակ», - ասաց Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:
Ծրագրի նախորդ փուլն անցկացվել է Շիրակի մարզում : Ակնային հետազոտություն էին անցել 4200 մեծահասակներ և 1130 երեխաներ, շուրջ 640 մեծահասակներ անցել էին խորացված հետազոտություն շարժական հիվանդանոցում, տրամադրվել էր շուրջ 2000 ակնոց, իրականացվել էին շուրջ 270 վիրահատություններ և լազերային բուժումներ: Շիրակի մարզում ծրագրի իրականացման համար Orange Հիմնադրամը տրամադրել էր 9 միլիոն դրամ: