17/11/2011 10:30
Ցուցարարները ներխուժել են Քուվեյթի խորհրդարան
Երեկ երեկոյան տասնյակ ցուցարարներ ներխուժել են Քուվեյթի խորհրդարանի շենք: Ականատեսների վկայությամբ՝ նրանք պահանջել են երկրի վարչապետ շեյխ Նասեր Մոհամադ Սաբախի հրաժարականը:
Մինչ այդ, խորհրդարանի շենքի դիմաց հարյուրավոր մարդիկ բողոքում էին կոռուպցիայից:
Ցուցարարներին հաջողվել է բացել խորհրդարանի դռները և մտնել նիստերի դահլիճ: Ներսում նրանք երկար չեն մնացել ու հեռացել են խորհրդարանից՝ երկրի հիմնը երգելով: Այս մասին տեղեկացնում են ԲիԲԻՍի ծառայությունից:
Ականատեսները պատմում են, որ թիկնապահները չեն խոչնդոտել ցուցարարների գործողություններին: Ինչ-որ պահ ժողովուրդը սկսել է գոչել՝ «Ժողովուրդն ուզում է իշխանությունը տապալել»:
Ցույցի անցկացման վայրում ոստիկանությունն ուժեղ հսկողություն էր սահմանել:
Արդյունքում ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև մի քանի միջադեպ է տեղի ունեցել: Ականատեսները պատմում են, որ ոստիկանությունը մահակներ է օգտագործել: Իսկ «Ֆրանս պրես» գործակալությունը տեղեկացրել է 5 վիրավորների մասին:
Քուվեյթը արաբական այն քիչ երկրներից է, ուր խորհրդարանի անդամները ընտրվում են ուղիղ քվեարկությամբ: Ի տարբերություն Եգիպտոսի և Թունիսի՝ Քուվեյթում մինչ այս մասսայական ցույցեր չեն եղել, ինչը բացատրվում է երկրում սոցիալական դրական վիճակի գնահատմամբ: