18/11/2011 17:03
Խրախուսանք` հայկական երգարվեստին
ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ ուրախ է աջակցել երգչուհի-երգահան Լիլիթ Պիպոյանի մշակած և հեղինակած երգերի ներկայացմանը:
Հայրենիքի հավերժացման ուղին սկսվում է նրա պատմության ակունքներն ուսումնասիրելու և սերունդներին փոխանցելու պատրաստակամությունից: Այդ սկզբունքով է գործում երգչուհի-երգահան Լիլիթ Պիպոյանը` հայ երգարվեստի էջերը հարստացնելով եզակի նմուշներով: Տարբեր գյուղեր կատարած գիտարշավի արդյուքնում, տաղանդավոր հայուհուն հաջողվել է հնարավոր մոռացությունից փրկել, մշակել և իրական գոհարների վերածել ժողովրդական հաջողված նմուշներ:
Երգչուհին իր քնարական ձայնով ներկայացնում է նաև հեղինակային երգեր: Կիթառի, դաշնամուրի, ֆլեյտայի և լարային քառյակի նվագակցությամբ հնչող երգերի թվում զգալի տեղ են զբաղեցնում տարբեր ժամանակների մեծանուն բանաստեղծների խոսքերով գրված և երգչուհու մշակած ստեղծագործությունները: Համերգները զուգահեռ համեմվում են Լիլիթի խոսք-մեկնաբանություններով, որոնք օգնում են հակիրճ ներկայացնել հայկական պոեզիայի մտածողությունը: Կարևոր քայլ` հանդիսատեսին հայկական արմատները ներկայացնելու ճանապարհին:
«Ապագան մշուշոտ կարող է լինել միայն անցյալի կորստից: Նորը գնահատելի է, սակայն հավերժական է դրան հասնելու ուղին: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ողջունում է բոլոր ժամանակների ձեռքբերումները կարևորող և դրանց միջոցով վերելքի նոր ճանապարհ հարթողների ջանքերը: Հաճելի է արձանագրել, որ այժմեականի վերածված հինը ներկայացնում է մեր երկրի պատմական գիտակցությունը: Լիլիթ Պիպոյանի երգերում իշխում են բոլոր ժամանակների հանճարեղ բանաստեղծների խորիմաստ մտքերն ու պատգամը: Հաջողություն ենք մաղթում երգահան-երգչուհուն` կարևորագույն գործում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Լիլիթ Պիպոյանը հաջողությամբ հանդես է եկել ոչ միայն Հայաստանի, այլև արտերկրի հեղինակավոր բեմերում: