19/11/2011 13:20
Բակո Սահակյանը եղել է ՄԱԿ-ի ՀՀ մշտական ներկայացուցչությունում
Երեկ Նյու Յորքում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունում Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի պատվին կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն:
Նախագահ Սահակյանը կարևորել է ՀՀ մշտական ներկայացուցչության գործունեությունը` ուղղված միջազգային ամենակարևոր կազմակերպություններից մեկում` ՄԱԿ-ում արցախյան հիմնախնդրի ճշմարտացի ներկայացմանը, ինչը դրական ազդեցություն կունենա ԼՂՀ միջազգային ճանաչման վրա:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ միջոցառման ժամանակ երկրի ղեկավարն ամերիկահայ բարերար Անդրեաս Ռուբյանին է հանձնել «Վաչագան Բարեպաշտ» մեդալ` նշելով, որ բարերարը կանգնած է եղել արցախյան ազգային-ազատագրական շարժման ակունքներում և այժմ էլ ակտիվ մասնակցություն է ունենում ԼՂՀ զարգացման գործում:
Ըստ աղբյուրի, միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, հայ համայնքի ներկայացուցիչներ: