19/11/2011 14:06
Սերոբ Տեր-Պողոսյանի փաստաբանը կբողոքարկի դատարանի վճիռը
Մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով դատապարտվեց 15 տարի ազատազրկման, լսել է լուռ՝ առանց որևէ արձագանքի ու ավելորդ արտահայտության: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Տեր-Պողոսյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը:
Փաստաբանը պատրաստվում է բողոքարկել դատարանի վճիռը՝ հիմնականում շահարկելով իր պաշտպանյալին մեղսագրվող տուժողների անօգնական վիճակի հետ կապված փաստը:
Ըստ Տ. Սաֆարյանի՝ դատախազության հիմնավորումը, թե «Սերոբ Տեր-Պողոսյանը, անչափահաս երեխաներին գումար տալով, նրանց գցել է անօգնական վիճակի մեջ՝ նրանց մեջ սերմանելով չաշխատելու նկատմամաբ սեր, հին, սովետական բաներ են»:
«Քրեական գործով ապացուցված է, որ տուժողներն են զանգել, բազմաթիվ անգամ հեռախոսային հաղորդագրություններ են ուղարկել՝ «կարոտել եմ» և այլն տեքստերով, տեսագրություններ էլ կան, որ իրենք են դիմել ու ուզել գնալ: Ըստ մեղադրանքի վարկածի` 2 տարի նույն անձի հետ կապը եղել է: Եթե լիներ եզակի դեպք, կարելի էր թույլ տալ, որ մի անգամ է եղել, չի հասկացել մարդը, անչափահաս է եղել: Բայց որ երկու տարի ազատության մեջ գտնվող մարդն իր ոտքով գնում գալիս է…»,- ասաց փաստաբանը:
Նրա ներկայացմամբ՝ դատարանում այս կապակցությամբ հարց է հնչել, թե պատմե՞լ եք որևէ մեկին այդ մասին, տուժածներն ասել են՝ ոչ, հարցին, թե ինչո՞ւ չեք պատմել, ասել են՝ ամոթ էր:
«Այսինքն` հասկացել են, որ ամոթ բան է, վատ բան է, ընդունված չէ: Այստեղից բխում է, որ հասկացել են՝ ինչ է կատարվում»,- մեկնաբանեց Տ. Սաֆարյանը:
Փաստաբանի կարծիքով՝ Սերոբ Տեր-Պողոսյանին առաջադրվող մեղադրանքը միտումնավոր է համապատասխանեցվել քրեական օրենսգրքի 139 հոդվածին:
«Մեղադրանքը փոխվեց համաներումը ընդունելուց անմիջապես առաջ: Նրանք դիատարկել էին, որ քրեական օրենսգրքի 140 և 141 հոդվածները պահպանվելու դեպքում` գործը ենթակա էր կարճման, նույնիսկ ճառի ժամանակ դատախազը բերանից, կոպիտ ասած, թռցրեց, թե «բա ի՞նչ անեինք, թողնեինք 140 հոդվածը, որ ամնիստիայով կարճվե՞ր, բա հետո՞»,- ներկայացրեց փաստաբանը՝ ևս մեկ անգամ հավելելով, որ համամիտ չէ մեղադրանքի հետ: