21/11/2011 14:58
Բակո Սահակյան. «Արցախն այսօր բռնել է կայուն զարգացման ուղի»
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի ելույթ է ունեցել «Հեռուստամարաթոն-2011»-ի շրջանակներում կազմակերպված գալա երեկոյի ժամանակ: Արցախի Հանրապետության նախագահը մասնավորապես ասել է`
«Սիրելի հայրենակիցներ, թանկագին քույրեր ու եղբայրներ, ուրախ եմ, որ կրկին առիթ ունեմ հանդիպել ձեզ հետ և հաղորդել արցախցիների ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները:
Նաև ուզում եմ խորին երախտագիտություն հայտնել արդեն ավանդական դարձած այս հանդիպման կազմակերպիչներին, ձեզ բոլորիդ, Սփյուռքի մեր հայրենակիցներին` Արցախին մշտապես սատարելու և աջակցելու համար:
Դուք մեզ հետ եք եղել պատերազմի ծանր տարիներին, երբ կենաց-մահու պայքար էինք մղում թվով ու սպառազինությամբ մեզ բազմիցս գերազանցող թշնամու դեմ ու պաշտպանում մեր պապերի հողը: Մեզ հետ էիք պատերազմից հետո, երբ ստիպված էինք վերականգնել մեր ավերված երկիրն ու ապաքինվել զրկանքների ու կորուստների ցավից: Դուք մեզ հետ եք նաև այսօր, երբ արդեն կառուցում ենք ժամանակակից, ժողովրդավարական, կայուն զարգացող ու հաստատուն քայլերով դեպի ապագան ընթացող պետություն:
Ես ավելի քան վստահ եմ, որ այդ ապագան կլինի պայծառ ու լուսավոր, բարգավաճ ու հաղթական, որ մեր վաղվա օրը կլինի ավելի լավ, քան այսօրն է: Վստահ եմ, որովհետև մեր ժողովուրդն արժանի է դրան: Վստահ եմ, որովհետև այդ ամենին հասնելու համար մենք ունենք անսասան կամք ու միասնական ոգի, ունենք ձեզ նման նվիրյալների մի հզոր բանակ:
Սա մեր ժողովրդի արժանիքն է ու հարստությունը, որը պահպանելն ու շարունակաբար ամրապնդելը յուրաքանչյուր հայի պարտքն է:
Ես ասացի, որ Արցախն այսօր բռնել է կայուն զարգացման ուղի: Դա սոսկ խոսքեր չեն: Իրականացված մի շարք բարեփոխումների արդյունքում մենք արձանագրել ենք կայուն տնտեսական աճ, որը զգալիորեն գերազանցում է նախկին տարիների ցուցանիշը:
Լայնածավալ աշխատանքի շնորհիվ հասել ենք նրան, որ հանրապետության մի շարք ոլորտներում վերացել են այնպիսի արատավոր երևույթներ, ինչպիսիք են կաշառակերությունն ու կոռուպցիան: Ստեղծել ենք բարենպաստ ներդրումային դաշտ, ինչը հնարավորություն է տալիս փոխշահավետ գործընկերային հարաբերություններ հաստատել միջազգային տարբեր հայտնի ընկերությունների հետ:
Թանկագին բարեկամներ,
Մեր հաջողությունների մեջ անգնահատելի է ձեր ներդրումը: «Հայաստան» համահայկական հիմնադրամի խողովակներով Արցախում կառուցվել և վերանորոգվել են բազմաթիվ դպրոցներ, մանկապարտեզներ, բուժհիմնարկներ, բնակելի տներ, ճանապարհներ: Վերջին երեք տարիների ընթացքում խմելու ջրով ապահովվել է 66 համայնք: Ընդհանուր առմամբ, կառուցվել է մոտ 470 կիլոմետր երկարությամբ ջրամատակարարման ցանց: Այդ ծրագրի իրականացման համար ծախսվել է ավելի քան 4,3 միլիարդ դրամ, որի 60 տոկոսը ֆինանսավորվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից:
Բայց պետք է նաև նշեմ, որ դեռեւս շատ են անելիքներն ու անհապաղ լուծում պահանջող խնդիրները: Արցախի առջև ծառացած կարևորագույն խնդիրներից է մնում խմելու ջրի հարցը: Մենք նախատեսում ենք այս տարի շարունակել հանրապետության ջրային համակարգի բարելավման ծրագիրը: Ջրային պաշարների արդյունավետ օգտագործումը և նրանց պաշտպանությունը հանդիսանում է արցախյան պետականության ամրապնդման ամենակարեւոր ուղղություններից մեկը, որի դերը դժվար է գերագնահատել:
Այն ունի քաղաքական, տնտեսական և սոցիալ-կենցաղային առանցքային նշանակություն: Ջուրը ռազմավարական այն ռեսուրսն է, որի տեղը համաշխարհային քաղաքականության մեջ գնալով ավելի ու ավելի է մեծանում: Իսկ մենք ունենք այդ ռեսուրսի չօգտագործվող հսկայական ծավալներ:
Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում բոլորիդ նույն եռանդով ու ոգևորությամբ մասնակցել «Հեռուստամարաթոն-2011»-ին` այն խորին գիտակցությամբ, որ ձեր ներդրած յուրաքանչյուր լուման կնպաստի հայրենի Արցախի շենացմանն ու զորացմանը, նրա բնակչության կենսապայմանների բարելավմանը: Մեկս մեկին սատար կանգնելու, մեկս մեկին աջակից լինելու, հայրենի երկրի ու ժողովրդի հանդեպ մեր սուրբ պարտքը կատարելու գաղափարն է, որ պետք է միավորի ու առաջնորդի մեզ` դեպի նոր հաղթանակներ, դեպի նոր ձեռքբերումներ: Շնորհակալություն»: