21/11/2011 15:24
Orange Հիմնադրամի բարեգործական ծրագրերը` մարզերում
Orange Հիմնադրամը և «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը շարունակում են Հայաստանի հեռավոր համայնքների զարգացմանն ուղղված բարեգործական ծրագրի իրականացումը, որոնց առանցքում շարունակում են մնալ երեխաները` կրթություն, առողջություն, նախադպրոցական և մարզական դաստիարակություն:
Բարեգործական ծրագրերի շրջանակներում բացվել են երկու մարզադահլիճներ Հայաստանի հարավային մարզերում` մեկը Դավիթ Բեկ գյուղում (Սյունիք), իսկ մյուսը` Մալիշկա գյուղում (Վայոց Ձոր): Երկու մարզադահլիճները, որոնք կահավորվել են տարբեր մարզաձևերի համար անհրաժեշտ պարագաներով և մարզասարքերով, այժմ կկարողանան լիովին բավարարել դպրոցական սպորտային ծրագրի պահանջները:
Ամանորը դպրոցի աշակերտները կդիմավորեն արդեն միանգամայն նոր մարզական միջավայրում, իսկ հաջորդ կիսամյակից սկսած` մարզական գույքի առկայությունը թույլ կտա լիարժեք կերպով կազմակերպել ուսումնական ծրագիրը: Երկու մարզադահլիճներն էլ նախատեսված են ոչ միայն դպրոցականների, այլ ամբողջ համայքնի համար, ինչը թույլ ստեղծել տարբեր սպորտային խմբակներ և միջոցառումներ:
«Orange Հիմնադրամն իր ուշադրության կենտրոնում է պահում այն խնդիրները, որոնք վերաբերում են երեխաներին և խոցելի գյուղական համայնքներին, և սրանք առաջին մարզադահլիճները չեն, որոնց բացմանը մենք աջակցում ենք Հայաստանի մարզերում: Գիտենք, որ երկու համայնքներն էլ դրանց կարիքն ունեին, նույնիսկ ավելին. Մալիշկան ունի նշանակալից սպորտային ավանդույթներ, իսկ մարզադահլիճի առկայությունը չափազանց կարևոր է դրանք պահպանելու համար», ասաց Orange Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Բրունո Դյութուան:
Ինչպես միշտ, Orange Հիմնադրամն ու «Շեն» բարեգործական կազմակերպությունը մենակ չեն եղել այս աշխատանքներն իրականացնելիս: Համայնքներն ու USAID/CHF-ն ունեցել են իրենց արժեքավոր ներդրումը, մասնավորապես վերանորոգման համար: Երկու ծրագրերի իրականացման համար Orange-ն ընդհանուր առմամբ տրամադրել է ավելի քան 8 միլիոն դրամ:
Հիշեցնենք, որ Orange-ի աջակցությամբ արդեն ևս երեք մարզադահլիճներ են բացվել Հայաստանի այլ մարզերում. Մարմաշենում (Շիրակ), Ջուջևանում և Նոյեմբերյանում (Տավուշ) :