21/11/2011 16:39
Կին բռնցքամարտիկները` կարճ շրջազգեստներով
Գեղեցիկ սեռի ներկայացուցիչ բռնցքամարտիկները Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերին կմասնակցեն կարճ շրջազգեստներով: Այդ հնարավորությունը կքննարկվի Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (AIBA) գործկոմի նիստում, որը հրավիրվելու է 2012 թ. հունվարին:
Կանանց բռնցքամարտն իր նորամուտը կնշի լոնդոնյան Օլիմպիադայում, որի ընթացքում խաղարկվելու է պարգևների երեք հավաքածու: Գործող կանոններում հագուստի հետ կապված սահմանափակումներ չկան, և կանայք իրավունք ունեն ռինգ դուրս գալ կարճ շրջազգեստներով:
Այսպես` նման հանդերձանքով են մրցումներին մասնակցում Ռումինիայի ու Լեհաստանի հավաքականները: Բացառված չէ, որ կարճ շրջազգեստներն օգտագործվեն նաև Լոնդոնում այս շաբաթ մեկնարկելիք բռնցքամարտի տեստային նախաօլիմպիական մրցաշարում:
Մարզական պաշտոնյաները, ի դեպ, նախապատվությունը տալիս են նման շրջազգեստներին, որպեսզի կանայք տարբերվեն տղամարդկանցից:
Սակայն կին բռնցքամարտիկների շրջանում նույնպես կարծիքները տարբերվում են: Աշխարհի եռակի չեմպիոն իռլանդացի Քեթի Թեյլորը, օրինակ, հայտարարել է, որ երբեք կարճ շրջազգեստ չի հագնի: «Ես ակումբում էլ կարճ շրջազգեստ չեմ կրում, էլ ուր մնաց` ռինգում»,- նրա խոսքերը մեջբերել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: