22/11/2011 12:44
Քաղաքագետ.«Պատերազմի վերսկսումն այժմ քիչ հավանական է»
«Ներկայումս քիչ հավանական է պատերազամական գործողությունների վերսկսումը Ղարաբաղում և պատերազմի հավանականությունը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Նրա խոսքերով, ղարաբաղյան բանակցությունների խափանումն արդյունք է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարած քաղաքականության:
«Ադրբեջանը հասկանում է, որ այս պահին չի կարող առավելության հասնել հայկական կողմի նկատմամբ»,-ընդգծեց Հ. Մելիք-Շահնազարյանը:
Իր հերթին, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ պատերազմի հավանականություն միշտ էլ կա և չի կարելի այն բացառել:
Նրա խոսքերով, Ադրբեջանն այս պահի դրությամբ պատրաստ չէ ակտիվ մարտական գործողություններ սկսելուն:
Ըստ նրա, այժմ Ղարաբաղում դիպուկահարների պատերազմ չի ընթանում, քանի որ դիպուկահարների պատերազմի ժամանակ դիպուկահարները իրար նկատմամբ «որս» են սկսում, միմյանց ոչնչացնելու համար:
Ադրբեջանական դիպուկահարները, որոնց մեջ մեծ թիվ են կազմում այլազգիները, այդ թվում կանայք, ըստ Ա.Հովհաննիսյանի, խուսափում են հայ դիպուկահարների հետ մարտի մեջ մտնել` հաշվի առնելով մեր դիպուկահարների պրոֆեսիոնալիզմը: