23/11/2011 12:06
Նախագահը ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը երեկ Լոս Անջելեսում հանդիպում է ունեցել ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի, սոցիալ-ժողովրդավարական Հնչակյան կուսակցության Արևմտյան Ամերիկայի վարչական մարմնի և Ռամկավար Ազատական կուսակցության Արևմտյան Ամերիկայի շրջանային վարչության պատասխանատուների հետ:
Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, հանդիպումների ժամանակ քննարկվել են Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակին, տարածաշրջանային զարգացումներին և Արցախ-Սփյուռք համագործակցությանը վերաբերող հարցեր:
Երկրի ղեկավարը կարևորել է ավանդական կուսակցությունների դերակատարությունը Սփյուռքի կյանքում, Հայրենիքի հետ կապերի ամրապնդման և Արցախին մշտապես սատարելու գործում:
Ըստ նույն աղբյուրի, հանդիպումներին մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում և Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: