23/11/2011 10:19
Կահիրեում շարունակվում են բողոքի ակցիաները` անկախ բանակի նահանջից
Հազարավոր եգիպտացիներ այս գիշեր էլ են անցկացրել Կահիրեի Թահրիր հրապարակում` չնայած Եգիպտոսի բարձրագույն ռազմական խորհրդի համաձայնությանը` նախագահական ընտրություններն արագացնելու:
Ցուցարարների ու ոստիկանական հատուկ ջոկատների չորսօրյա բախումից հետո ռազմական կազմակերպության ղեկավար Հուսեյն Տանտաուին պետական լրատվամիջոցի եթերում խոստացել է, որ նախագահական ընտրությունները Եգիպտոսում կանցկացվեն հաջորդ տարվա հուլիսին:
Սակայն Թահրիր հրապարակում ցուցարարներից շատերը կարծում են, որ դա բավական չէ և պահանջում են ֆելդմարշալ Տանտաուի հրաժարականը:
«ԲիԲիՍԻ»-ի հաղորդմամբ`անցած գիշեր դեռ բախումները շարունակվել են:Ցուցարարները ոստիկանների ուղղությամբ քարեր էին նետում, իսկ վերջինս արցունքաբեր գազ, ռեզինե մահակներ էին օգտագործում: Ականատեսները պնդում են, որ ոստիկանությունը նույնիսկ զենք է օգտագործել: Հեռուստատեսությամբ կադրեր են ցույց տվել, որտեղ երևում է, թե ինչպես է շտապօգնությունը վիրավորներ տեղափոխում:
Եգիպտոսի Առողջապահության նախարարության տվյալներով` նախորդ շաբաթ օրվանից մինչ օրս փողոցային կռիվներում զոհվել է 30 հոգուց ավել մարդ, իսկ հարյուրավոր մարդիկ վիրավորվել են: