24/11/2011 12:58
Հանդիպեց Հարավային Կալիֆորնիայի շրջանային խորհրդի պատվիրակությանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը երեկ Լոս Անջելես քաղաքում ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի Հարավային Կալիֆորնիայի շրջանային խորհրդի պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման, միջազգային ասպարեզում ղարաբաղյան հիմնախնդրի ճշմարտացի ներկայացման և Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ կազմակերպությունը շոշափելի դերակատարություն ունի Արցախի կյանքում, և այս կառույցի հետ համագործակցությունը կարևորվում է պաշտոնական Ստեփանակերտի կողմից: Նախագահ Սահակյանը նշել է, որ արդի պայմաններում անհրաժեշտ է նոր որակ հաղորդել երկկողմ համագործակցությանը և ավելի ակտիվացնել այն:
Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում և Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: