24/11/2011 12:17
ԵՄ սիմպոզիումներ՝ մտավոր սեփականության իրավունքների վերաբերյալ
2011թ. նոյեմբերի 23-25-ը Երևանի Ռեջինա հյուրանոցում ԵՄ խորհրդատվական խումբը կազմակերպում է երեք սիմպոզիում մտավոր սեփականության իրավունքների (ՄՍԻ) հարցերի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ԵՄ խորհրդատվական խմբի լրատվության բաժնից:
Սիմպոզիումների նպատակն է՝ կազմակերպել Հայաստանի դատավորների, դատախազների և ոստիկանության աշխատակիցների հանդիպումներ, որոնք կնպաստեն Հայաստանում մտավոր սեփականության իրավունքների ոլորտի բարեփոխումների վերաբերյալ երկխոսությանը և իրազեկվածության բարձրացմանը:
«Հայաստանում ՄՍԻ համակարգի բարեփոխումը Եվրոպական Միության և Հայաստանի միջև խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունների մեկնարկի անհրաժեշտ նախադրյալներից է։ Ընդհանուր առմամբ Հայաստանը դեռ չի կատարել Գործընկերության և համագործակցության համաձայնագրով ստանձնած ԵՄ չափանիշներին համապատասխան ՄՍԻ պաշտպանության ապահովման իր պարտավորությունը: Հիմնական մարտահրավերը խնդրահարույց իրականացումն է և ՄՍԻ անբավարար իրավակիրարկումը, ինչի հետևանքով մեծ ծավալների են հասնում կեղծարարությունը և հենությունը»,- նշված է հաղորդագրությունում:
Ըստ տեղեկատվության՝ ներկայում առաջնային բարեփոխումների հիմնական նպատակն է՝ արտաքին սահմանի ամրացումը, ինչպես նաև քրեական և քաղաքացիական իրավական ընթացակարգերի բարելավումը: ՀՀ դատարանները և ոստիկանությունը չափազանց կարևոր դեր ունեն ՄՍԻ բարեփոխման իրականացման գործում: