25/11/2011 10:45
Բակո Սահակյանը հանդիպել է վետերաններին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 24-ին Լոս Անջելես քաղաքում հանդիպում է ունեցել «Ամերիկայի Միացյալ Նահանգների հայ վետերանները» ընկերակցության մի խումբ անդամների:
Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախ-Սփյուռք հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր:
Հատուկ ուշադրություն է դարձվել մատաղ սերնդի հայեցի դաստիարակության խնդիրներին: Երկրի ղեկավարը կարևորել է «Ամերիկայի Միացյալ Նահանգների հայ վետերանները» ընկերակցության դերակատարությունը այս գործում` նշելով Արցախի ազատամարտիկների միության հետ կապերի խորացման անհրաժեշտությունը:
Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում և Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: