25/11/2011 18:34
ԵԱՀԿ գրասենյակը կազմակերպում է ոստիկանության բաց դռների օր
Հայաստանի հյուսիսային մարզերից մեկի` Լոռու մարզկենտրոն Վանաձորում վաղը տեղի կունենա առաջինը ոստիկանության բաց դռների օրերի շարքից, որոնց նպատակն է ամրապնդել ոստիկանության և բնակչության միջև փոխվստահությունը: Այս մասին տեղեկացնում են ԵԱՀԿ երևանյան գրասենյակից:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից, ՀՀ ոստիկանության և «Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ, կազմակերպած բաց դռների օրերը նախատեսված են երիտասարդության համար` նրանց հնարավորություն ընձեռելու ավելի լավ ճանաչել ոստիկանական աշխատանքը:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրերի պատասխանատու Լիլիան Շալառուն նշեց. «Ոստիկանության բաց դռների օրերը նպատակ ունեն ջերմացնելու հարաբերությունները ոստիկանության և Հայաստանի երիտասարդ քաղաքացիների միջև: Միջոցառումը մեր գրասենյակի` Հայաստանում ժողովրդավարական ոստիկանության զարգացմանը նպաստող շարունակական աշխատանքների մի մասն է և մարզերում իրականացվելիք նմանատիպ միջոցառումներից առաջինը»:
Օրվա ընթացքում բարձր դասարանի մոտ 30 աշակերտներ կայցելեն ոստիկանության Վանաձորի բաժինը, որտեղ կծանոթանան ոստիկանության առօրյա աշխատանքին և ոստիկանության ծառայողների հետ կքննարկեն ոստիկանական աշխատանքի մարտահրավերները` բարձրացնելով համայնքի անվտանգության հետ կապված մտահոգություն առաջացնող խնդիրներ: Նրանք նաև հնարավորություն կունենան փորձելու ոստիկանական սարքավորումները, հատուկ միջոցները և նստել պարեկային մեքենաների մեջ:
Մի շարք փորձագետներ թեմատիկ զրույցներ կվարեն տարբեր խնդիրների շուրջ, այդ թվում` թմրամոլություն, թրաֆիքինգ, կոռուպցիա, ինչպես նաև համայնքային ոստիկանության մոդել: Միջոցառման բոլոր մասնակիցներին կբաժանվեն նաև նշված թեմաներով հատուկ մշակված տեղեկատվական բրոշյուրները, ինչպես նաև հուշանվերներ:
Բաց դռների օրերի կազմակերպման հարցում ոստիկանությանն աջակցությունը տրամադրվում է Հայաստանում համայնքային ոստիկանության մոդելի ներդրմանն ուղղված ԵԱՀԿ բազմամյա ծրագրի շրջանակներում: