26/11/2011 12:32
Բ. Սահակյանը ներկա է եղել Լոս Անջելեսի հայկական թատրոնի բացմանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը երեկ մասնակցել է Լոս Անջելեսի առաջին հայկական «Շանթ» թատրոնի բացման հանդիսավոր արարողությանը:
Երախտագիտություն հայտնելով բարերար Ռոբերտ Օղլաղջյանին այս նախաձեռնությունը կյանքի կոչելու համար` Նախագահ Սահակյանը չափազանց կարևոր է համարել հայկական թատրոնի բացումը Սփյուռքի ամենահայաշատ վայրերից մեկում, ընդգծելով, որ դա մեծապես կնպաստի հայապահպանության, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման և ամերիկյան հասարակությանը հայկական մշակույթի հետ ծանոթացման գործին:
Այս համատեքստում Բակո Սահակյանը նշել է նաև Արցախի թատերական արվեստի բնագավարում համագործակցության հաստատման անհրաժեշտությունը` այն համարելով պահանջված և Սփյուռքի, և մեր հանրապետության համար:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Դերդերյանը, Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում և Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, քաղաքային իշխանությունների և հայ համայնքի ներկայացուցիչներ:
Սա հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։