28/11/2011 15:26
«Կին» միջազգային կինոփառատոնը կմեկնարկի դեկտեմբերի 1-ին
Դեկտեմբերի 1-ից 5-ը Երևանի Տիկնիկային թատրոնում կանցկացվի արդեն ավանդական դարձած «Կին» միջազգային 8-րդ կինոփառատոնը` ՀՀ Մշակույթի նախարարության, ԱՄՆ-ի և Կանադայի դեսպանատների ու Գյոթեի ինստիտուտի աջակցությամբ: Այն նպատակ ունի վերաիմաստավորելու կնոջ տեղը և դերը հասարակության մեջ, կինոյի միջոցով լուսաբանելու նրա խնդիրները, ձևավորելու մի նոր հենակետ, որը կնպաստի Հայաստանում կանանց կողմից ստեղծված ֆիլմերի խթանմանը, նոր անունների բացահայտմանը, ինչպես նաև` տարբեր ազգերի մշակույթների փոխընկալմանը և փոխըմբռնմանը:
Փառատոնի ռետրոսպեկտիվ ցուցադրումների ծրագրում տեղ են գտել հայտնի լիտվիացի վավերագրող Յանինա Լապինսկայտեի ֆիլմերը: Ծրագրում ընդգրկված է նաև Գերմանիայի «goEAST» միջազգային կինոփառատոնի ուսանողական մրցույթի ընտրանին, որը կներկայացնի ժյուրիի անդամ Անդրեա Վինկը:
Ինչպես հայտնում են փառատոնի մամլո ծառայությունից, այս տարի առաջին անգամ «ԿԻՆ» փառատոնի շրջանակներում կին ռեժիսորների համար կանցկացվեն վարպետության դասեր, որոնք կվարեն «Կանայք ֆիլմեր են նկարահանում» ամերիկյան կազմակերպության ներկայացուցիչներ Դեբրա Ցիմերմանը և Թրեյսի Հոլդերը:
Փառատոնին ներկայացված են 52 ֆիլմեր` 16 երկրներից:
Փառատոնի ավարտին կշնորհվեն հետևյալ մրցանակները` լավագույն ֆիլմ, հատուկ մրցանակ, լավագույն դեբյուտ և դիպլոմներ:
Փառատոնի հյուրերն են` Յանինա Լապինսկայտեն (վավերագրող, Լիտվա), Անդրեա Վինկը (goEAST փառատոնի ծրագրի ղեկավար, Գերմանիա), Դեբրա Ցիմերմանը և Թրեյսի Հոլդերը («Կանայք նկարահանում են ֆիլմեր» կազմակերպության ներկայացուցիչներ, ԱՄՆ), Մորան Փելեդ (Իսրայել), Չիկո Յամագամի (Ճապոնիա):