28/11/2011 16:15
Էդ. Նալբանդյանն ընդունել է Ֆիլիպ Լեֆորին
Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկեցին Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ` մասնավորապես անդրադարձան արտաքին գործերի և անվտանգության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի Հայաստան այցելության և անցյալ շաբաթ Բրյուսելում տեղի ունեցած Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի նիստի արդյունքներին:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Էդվարդ Նալբանդյանն ու Ֆիլիպ Լեֆորը հանգամանալից քննարկեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը:
Բանակցությունների օրակարգում էին նաև հակամարտության կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման հետ կապված հարցերը: Այս առումով նախարար Նալբանդյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվող հակահայկական և ռասայական խտրականության քարոզչության վրա: