28/11/2011 18:45
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին: Քննարկվել են պաշտպանության ոլորտում Եվրամիության հետ համագործակցության հեռանկարներին առընչվող հարցեր: Այս մասին տեղեկացնում են պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից:
Հյուրի խնդրանքով Հայաստանի պաշտպանության նախարարը ներկայացրել է իրադրությունը ադրբեջանական զորքերի հետ շփման գծում և Եվրամիության հատուկ ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի Զինված ուժերի դիպուկահարների գործողությունների ակտիվացման վրա:
Ֆիլիպ Լեֆորը հավաստիացրել է, որ իր մանդատի շրջանակներում անելու է հնարավորը, որպեսզի աջակցի խաղաղության հասնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Եվրամիության հատուկ ներկայացուցիչը մասնավորապես ասել է. «Եվրամիությունը չի ցանկանում Հարավային Կովկասում տեսնել նոր պատերազմ: Տարածաշրջանի խաղաղությունը բխում է Եվրամիության շահերից»:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում մասնավորապես ասել է. «Առաջնորդվելով ղարաբաղյան հարցը խաղաղ ճանապարհով լուծելու սկզբունքով` հայկական կողմը խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը, իսկ Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների դեպքում պատասխան գործողությունների է դիմում ադրբեջանական դիպուկահարների սադրանքները չեզոքացնելու նպատակով միայն»: