29/11/2011 11:45
Պ. Հայրիկյան. «Չի կարող փշատի ծառը ծիրան տալ»
«Ես ոչ մի կարևորություն չեմ տալիս պաշտոնների փոփոխություններին, որովհետև դրանից ոչինչ չի փոխվի։ Սպասվում էր, որ Սյունիքի մարզպետը պիտի փոխվեր, կարծում եմ բարոյական կլիներ այդ փոփոխությունը, բայց չփոխվեց»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում խոսելով վերջին շրջանում տեղի ունեցած պաշտոնանկությունների մասին` ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։
Չնայած սրան, պարզվում է Պարույր Հայրիկյանին տխրեցրել է Կարեն Կարապետյանի հեռացումը, քանի որ Հայրիկյանի կարծիքով՝ նա արժեքային մեծ համակարգ ուներ։
Ինչ վերաբերում Հայաստանում առաջիկա ընտրություններին, ապա ԱԻՄ առաջնորդի կարծիքով նույնիսկ Նախագահի փոփոխությունը Հայաստանում ոչինչ չի փոխի։ «Միայն խորհրդարանական մեծամասնության փոփոխությունից հետո հնարավոր կլինի ինչ-որ դրական տեղաշարժ տեսնել, ավելի ճիշտ՝ դրական փոփոխություններ կկատարվեն մեր կյանքում։ Հայաստանում համակարգային և արժեհամակարգային փոփոխություններ են պետք»,- ընդգծեց Պ. Հայրիկյանը։
Կանխատեսելով իր հնարավորություններն առաջիկա խորհրդարանական ընտրություններում՝ ԱԻՄ առաջնորդը նշեց, որ առավելագույնը իրենք կարող են ստանալ 20% ձայն։ Ինչ վերաբերում է ընտրությունների անցկացման որակին, ապա ԱԻՄ առաջնորդի խոսքով՝ որակյալ ընտրությունները Հայաստանում բացառված են։ «Չի կարող փշատի ծառը ծիրան տալ»,- նման եզրահանգում կատարեց Պարույր Հայրիկյանը։