29/11/2011 15:13
Պ.Հայրիկյան.«Որպես հիմնական ընդդիմադիր՝ ՀԱԿ-ն իրեն դատապարտել է»
«ՀԱԿ-ը սարսափելի պարտություն է կրելու, որովհետև չկարողացավ սահմանազատվել իր անցյալից. պիտի ՀԱԿ-ի ղեկավարը հրապարակավ ապաշխարեր։ Նրանք կարող էին հաջողության հասնել միայն մի դեպքում. չունենալ այնպիսի առաջնորդ, որը քաղաքական արատավորության խորհրդանիշ է։ Նա կարող էր այդ խորհրդանիշը լինելու պատվից, երջանկությունից ձերբազատվել, եթե հրապարակավ ներողություն խնդրեր իր կատարած հանցագործությունների համար»,- խոսելով առաջիկա ընտրություններում ՀԱԿ-ի հնարավորությունների մասին, ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։
ԱԻՄ առաջնորդի կարծիքով, եթե ՀԱԿ-ն ուզում է հաջողության հասնել, նախ պետք է մի կողմ դնի Լևոն Տեր-Պետրոսյան առաջնորդին, ով կարող է աշխատել որպես քաղաքական գործիչ, բայց ոչ երբեք՝ որպես «խորհրդանիշ»։
«Որպես ընդդիմադիր հիմնական ուժ՝ ՀԱԿ-ն իրեն դատապարտել է։ Արդար, բազմակուսակցական ընտրություններում առավելագույնը նա կարող է ստանալ 25% ձայն։ 25%-ով ոչնիչ չես փոխի»,- նշեց Պ. Հայրիկյանը։
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի քաղաքական դաշտ վերադառնալու հնարավորությանը` Պ. Հայրիկյանն ասաց. «Ռոբերտ Քոչարյանն իր վրա ունի մի ծանր խարան՝ մարտի 1-ի խարանը։ Մարտի 1-ի պատասխանատվությունն 90%- ով ընկնում է նրա վրա, 10%-ով՝ Լևոն Տեր Պերտրոսյանի։ Դա նրան պետք էր, որպեսզի ինքը մնար դրության տերը։ Ռոբերտ Քոչարյանը 10-ը տարի եղել է Հայաստանի նախագահ։ Այդ տարիների ընթացքում, եթե ցանկացած մարդ լիներ նրա տեղում՝ ավելի քիչ բան չէր անի, քան նա է արել։ 10-ը տարի է անցել, բայց հայ ազգն այդ ընթացքում մեռած չի եղել։ Ինչ վերաբերում է նրա վերադառնալ- չվերադառնալուն՝ ես խանդավառված կլինեի նրա վերադարձով, եթե նա դրական գործերով հիշվեր մեր կողմից»:
Նրա կարծիքով՝ ընդհանրապես վերադառնալու իրավունք ունի ցանկացած ոք, այլ բան է, թե ինչպես այդ վերադարձը կընդունի հասարակությունը։