30/11/2011 13:49
Արցախի Նախագահը հանդիպել է արգենտինահայ համայնքի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նախօրեին Բուենոս Այրեսի հայկական Սիրանուշ սրահում հանդիպում է ունեցել արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը քննարկվել է ԼՂՀ ներքին կյանքին, արտաքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, Բակո Սահակյանը նշել է, որ արգենտինահայ համայնքն ակտիվ մասնակցություն է ունենում Արցախի շենացման և մեր հանրապետությունը Արգենտինայում ու Լատինական Ամերիկայում ճանաչելի դարձնելու գործում: Երկրի ղեկավարը նաև երախտագիտություն է հայտնել Արգենտինայի Հանրապետությանը հայ ժողովրդի ու մեր հայրենակիցների հանդեպ ունեցած բարեկամական վերաբերմունքի համար:
Նախագահ Սահակյանը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը համարել է ղարաբաղյան անկախ պետականության հիմքերից մեկը` հավելելով, որ Արցախի պաշտպանությունը հանդիսանում է նաև Սփյուռքի պաշտպանություն:
Ըստ աղբյուրի, հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արգենտինայում, Ուրուգվայում և Չիլիում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը: